April 16

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը: Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այն ժամանակ թագավորում էր Միհրդատ 6-ը: Նա ստեղծել էր ուժեղ պետություն Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմին դուրս մղելու Փոքր Ասիայից ու Հունաստանից:

Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք: Իսկ հայոց արքայի ծրագրերը կապվում էին Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք ընկած տարածքների հետ: Դա չէր խանգարում Միհրդատ Եվպատորի նվաճողական ծրագրին: Երկու երկրներին էլ անհրաժեշտ էր ունենալ ամուր թիկունք, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերության հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը: Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում: Այն ամրապնդվում է Տիգրան 2-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր: Ըստ պայմանավորվածության` Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը: Այդ պայմանը բխում էր Տիգրան Մեծի հեռահար շահերից: Բանն այն է, որ Կապադովկիայի տարածքն իր իշխանության տակ վերցնելը կհանգեցներ Հռոմի հետ հակամարտության, որը ձեռնտու չէր Տիգրան Մեծին: Փոխարենը նա նախապատրաստվում էր Պարթևստանի դեմ պատերազմի` պատանդության դիմաց պարթևներին զիջած հայկական հողերի ազատագրելու և Մեծ Հայքին միացնելու համար: Իսկ մեծ պատերազմից առաջ անհրաժեշտ էր երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով:

Հայ-պարթևական պատերազմը: Ք.ա.88թ. մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ2-ը, որը Տիգրան Մեծի փեսան էր: Պարթևստանում սկսվեցին գահակալական կռիվներ: Պահը հարմար էր հայկական տարածքները վերադարձնելու համար:

Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջախջախելով պարթևական զորքը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքբատան և պաշարեց այն: Խուճապահար պարթևական արքունիքը Տիգրան Մեծին զիջեց ոչ միայն գրաված տարածքները, այլև նրան շնորհեց «Արքայից արքա» տիտղոսը: Պարթևներն ընդունեցին նրա գերիշխանությունը:

Այսպիսով` հայ-պարթևական պատերազմի արդյունքում Տիգրան Մեծը ոչ միայն վերադարձրեց հայկական տարածքները, այլ նաև ստեղծեց մի տերություն, գուցե սահմանները հասնում էին մինչև Պարսից ծոց:


Posted April 16, 2024 by Դավիթ Մնացականյան in category Պատմություն 6 րդ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*