May 2

Սասունցի Դավիթը

Սովորի՛ր շատ լավ կարդալ Հ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի առանձնացված հատվածներից այն հատվածը, որը համապատասխանում է քո կերպարին։

2

— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4

Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։

Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

20

Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց։

21

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին…

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես…

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի։

— Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜…

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

Տեսավ Դավթին։ լուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին…

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց… ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

22

Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին։

Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։

24

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին…
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն…

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը…

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից…

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր…

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից…

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։